25/09/2020 18:20
Անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չի ընտրվել
Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել:
Սահմանված ժամկետներում ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն:
Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվել է մինչև երկուշաբի, ժամը 11:00-ն:
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ ինքը մասնակցել է քվեարկությանը, առաջադրված թեկնածուին մասնագիտական հարցեր է ուղղել: Իսկ թե առհասարակ քաղաքական հարցադրումներ եղե՞լ են՝ պատասխանեց.
«Թեկնածուին ուղղվել են մեծաթիվ հարցեր, որոնք մասամբ աղերս ունեին ձեր կողմից հնչեցված որոշ դատողությունների հետ»:
Դեմ արտահայտվողների մասին էլ նշեց, որ կոռեկտ չի համարում անուններ հնչեցնել: Ինչ վերաբերում է ուղղորդումներին, ապա իր մասով հավատացրեց, որ նման բան չի եղել.
«Ընտրությունն իմ ներքին համոզմամբ եմ կատարել»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Շաթիրյանը նոր թեկնածուի անհրաժեշտություն տեսնո՞ւմ էր:
«Էական չէ, անցած փուլ է»,- ասաց նա:
Իր հնարավոր առաջադրման մասին էլ ընդգծեց, որ տեսականորեն ոչինչ չի բացառում: