26/09/2020 11:37
Կա՛մ հանրապետականներ, կա՛մ դեմոկրատներ. Սպիտակ տան համար մրցավազքում երրորդ տարբերակ չկա
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ պայքարը երկու խոշոր կուսակցության միջև է ընթանում՝ Հանրապետական և Դեմոկրատական։
Պատճառն այն չէ, որ երրորդ կուսակցություններն իրավունք չունեն առաջադրել նախագահի իրենց թեկնածուին, պարզապես փորձը ցույց է տալիս, որ նրանք հաջողության չեն հասնում։
Կա՛մ հանրապետականներ, կա՛մ դեմոկրատներ!
Հանրապետականներն ու դեմոկրատները գլխավորում են ընտրական պրոցեսները 1860-ականներից։ Որպես կանոն, երրորդ կուսակցություններն այդ ժամանակից ի վեր նախագահի թեկնածու չեն առաջադրում, որովհետև ավելի քան վստահ են, որ ձախողելու են ու արդյունքում միայն ֆինանսական վնասներ կրելու, իսկ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է։ Այս երկու կուսակցությունները առաջատար են ամերիկյան ընտրական համակարգի «հաղթողը տանում է ամեն ինչ» մեխանիզմի պատճառով, որի համաձայն՝ նահանգներում (բացառություն են Մեյնն ու Նեբրասկան) ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուին շնորհվում են բոլոր ձայները։
1860-ականներից ի վեր միակ բացառությունը եղել է Թեոդոր Ռուզվելտը, ով երրորդ քաղաքական ուժի կողմից առաջարդվեց 1912 թվականին և հավաքած ձայներով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ պարտվելով Վուդրո Վիլսոնին։
Ամերիկայում դաշնային կամ նահանգային ընտրություններում համամասնական կարգը չի օգտագործվում, այսինքն՝ միայն մեկ կուսակցության կարող է հաղթել տվյալ շրջանում:
«ԱՄՆ-ն երբեք համամասնական ընտրակարգի կողմնակից չի եղել», - նշում է քաղաքական կուսակցությունների գծով փորձագետ Ջեֆրի Սթոնքաշը։
ԱՄՆ-ում մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն էլ գոյություն ունի։ Այստեղ, որպես կանոն, նախագահի թեկնածուն չի լինում տվյալ կուսակցության առաջնորդը, ինչպես օրինակ Հայաստանում էր դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը նախագահական կառավարման համակարգ ուներ։ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ընտրացուցակը գլխավորում էր տվյալ կուսակցության առաջնորդը, մինչդեռ ԱՄՆ-ում կուսակցության առաջնորդի խնդիրն է աջակցել կուսակցության առաջադրած թեկնածուին ընտրապայքարը հաղթելու հարցում։
«Եղել են որոշ մարդիկ, ովքեր մի ժամանակ եղել են կուսակցության առաջնորդ, հետո որոշել են նախագահի թեկնածու առաջադրվել, մինչդեռ սա դեռ չի երաշխավորում, որ հենց այդ անձին կուսակցությունը կառաջադրի որպես նախագահի թեկնածու։ Այս դեպքում տվյալ անձը ընտրարշավի մեկնարկին դառնում է պարզապես թեկնածուիներից մեկը», - ասում է փորձագետ Սթոնքաշը։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուին ի սկզբանի կուսակցությունները չեն առաջադրում։ Այստեղ ընտրություններն անցկացվում են նահանգներում, որից հետո արդեն պայքարում մնացած թեկնածուների շարքից կուսակցությունները իրենց ազգային համագումարի ժամանակ առաջադրում են թեկնածու։
Ո՞րն է կուսակցությունների հայացքների արմատական տարբերությունը
Ջեֆրի Սթոնքաշի խոսքով՝ հանրապետականների և դեմոկրատների աշխարհայացքը արմատապես տարբերվում է երեք ասպեկտի շուրջ՝ տնտեսական անհնատականություն և կառավարության դեր, ռասսայական և մշակութային խնդիրներ և ներգաղթ։
Հանրապետականներն ավելի պահպանողական են, դեմոկրատները՝ լիբերալ։ Փորձագետի խոսքով՝ պահպանողականները չեն ցանկանում, որ կառավարությունն իրենց թելադրի, թե ինչ պիտի անեն։ Որպես օրինակ՝ Սթոնքաշը դիտարկում է համավարակի ժամանակ հանրապետականների բացահայտ դժգոհությունը ի պատասխան կառավարութան կողմից դիմակ կրելու պահանջի։
Ինչ վերաբերում է ռասսայական և մշակութային տարբերություններին, ապա դրանք, փորձագետի խոսքով, հետևյալն են.
«Հանրապետական կուսակցությունը մեծամասամբ սպիտակ է։ Դեմոկրատական կուսակցությունը գնալով համալրում է շարքերը ոչ սպիտակամորթ փոքրամասնություններով։ Ես կարծում եմ, որ կան մեծ թվով սպիտակամորթներ, ովքեր պայքարում են ոչ սպիտակամորթների օրինականության դեմ։ Ոմանք բացահայտ ռասիստ են, ոմանք էլ թեև ոչ սպիտակամորթներին չեն համարում սահմանափակ, մինչդեռ ընդգծում են, որ նրանք ապրում են մի մշակույթում, որում սովոր չեն քրտնաջան աշխատել։ Սյս դեպքում սպիտակամորթները ոչ թե թշնամաբար են վերաբերվում ոչ սպիտակամորթներին, այլ կարծում են, որ նրանք պետք է ավելի լավ պահվածք որդեգրեն և ամեն ինչ լավ կլինի։ Բայց պետք է ընդգծեմ, որ ոչ բոլոր հանրապետականներն են սպիտակամաշկ»:
Ինչ վերաբերում է միգրացիային, ապա լիբերալները կարծում են, որ ցանկացած ոք, ով կարող է քրտնաջան աշխատել, ով եկել է Ամերիկա և պատրաստ է համապատասխան օրինաչափություններ որդեգրել, նա կարող է գտնվել Ամերիկայում, իսկ պահպանողականները ներգաղթյալներին դիտարկում են որպես սպառնալիք։ «Պահպանողականները կարծում են, որ նեգաղթյալները ոչ ճիշտ մշակույթ ունեն և ոչնչացնում են Ամերիկայի էությունը», - ասում է Սթոնքաշը։
Քվեարկողներին աջակցելու օրինական մեթոդների մասին
Ամերիկայում կուսակցությունները կարող են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել իրենց աջակիցներին քվեարկության օրն օգնելու համար և դա համարվում է օրինական։
«Դու կարող ես առաջարկել ցանկացած մեկին մեքենայով հասցնել ընտրատեղամաս կամ դայակ վարձել, որպեսզի մարդը կարողանա գնալ քվեարկելու։ Դու կարող ես անել ցանկացած բան՝ օգնելու համար մարդկանց գնալ և քվեարկել։ Մինչդեռ չես կարող մարդկանց հետ մտնել ընտրատեղամաս։ Կարելի է նաև դուռ առ դուռ հարցուփորձ անել ու հասկանալ, թե ովքեր են աջակցում կուսակցության թեկնածուին ու ինչ օգնության կարիք ունեն», - ասում է փորձագետը՝ ընդգծելով, որ վերը նշված քայլերը լիովին օրինական են։
Նյութը պատրաստվել է «Ընտրություններ 2020. վիրտուալ լրագրողական շրջայցն ԱՄՆ-ում և ամերիկյան ընտրական գործընթացը» ծրագրի շրջանակներում։