26/09/2020 09:34
«Ժողովուրդ». Վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տևել է 1.5 ժամ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօերին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանը իրեն չի արդարացնում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն ևս այն իրականացնելը այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Թերթի տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որևէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում:
Թերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի և կառավարության միջև կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան։