27/09/2020 17:47
Զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև՝ քաղաքացիական անձանց շրջանում. այս պահին ֆիքսված որևէ իրավիճակ չունենք. Նիկոլ Փաշինյան
Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղը օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաշվի առնելով այն համգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է 1-ին շարակարգի՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով մղում է մարտեր, իրադրությունը լարված է։
«Զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև՝ քաղաքացիական անձանց շրջանում։ ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան։ Այս պահին ֆիքսված որևէ իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ և մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակը լարված է, բայց վաղ է ամբողջական գնահատական տալու համար», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա։