27/09/2020 18:44
Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Մենք հետքայլի տեղ չունենք, այո՛, բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և հանուն Արցախի և ամեն մեկս մեր տեղում մեր գործը պետք է անենք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, թե որպես մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն դիմել է եվրապական բոլոր կառույցներին։
«Հստակ ներկայացրել եմ իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը։ Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև պարբերաբար հավասարության նշան դնելու այս գործելաոճը։ Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր իսկ ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։