27/09/2020 09:48
Դժվար է ասել՝ ռազմական գործողություններն ինչ ընթացք կստանան. Տիգրան Աբրահամյան
Արդեն իսկ մեկ ամիս առաջ այս զարգացումները տեսանելի էին: Ասել, որ սա անսպասելի էր՝ այդպես չէ, Aysor.am-ի
հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայտարարել էր, որ բանակցելու ցանկություն չունի և պատրաստվում է ռազմական գործողությունների:
Նշելով, որ մարտական գործողություններ են ծավալվում սահմանի միանգամից տարբեր ուղղություններով՝ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ ՊՆ-ն, Արցախի ՊԲ-ն պատրաստ են Ադրբեջանի հնարավոր հարվածին, ընդ որում՝ տարբեր մասշտաբի հարձակումներին:
«Այս պահին դեռևս դժվար է մեծ թվով իրադարձություններ ներկայացել կամ մեկնաբանել: Արդեն իսկ պարզ է, որ հակառակորդի 2 ուղղաթիռ է խոցված, խոսվում է տասնյակի հասնող ԱԹՍ-ների խոցման մասին: Այսինքն՝ ՊԲ-ն առավոտից արդեն անհրաժեշտ միջոցառումն իրականացրել է և անհրաժեշտ հարվածներ է հասցնում հակառակորդին», - ասաց կենտրոնի ղեկավարը:
Հնարավո՞ր է կանխատեսել՝ որքան կշարունակվեն գործողությունները, Աբրահամյանն ասաց.«Դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանան, պետք է մի փոքր սպասել»:
Ի՞նչ վիճակ է բնակչության շրջանում՝ ի պատասխան նա ասաց, որ յուրաքանչյուրն իր անելիքը գիտի:
«Դա ենթադրում է համապատասխան ապաստարանների տեղակայում: Մասնավոր ու պետական ձեռնարկություններն էլ նման իրավիճակներում իրենց պլաններն ունեն: Ու որքանով տիրապետում եմ տեղեկատվությանը, Արցախում հենց այդ պլաններով էլ շարժվում են: Իրավիճակին համահունչ աշխատանքներ են տարվում ոչ միայն Պաշտպանության բանակի, այլև քաղաքացիական հիմնարկների ու քաղաքացիական անձանց մասով», - ասաց Տիգրան Աբրահամյանը: