27/09/2020 22:10
Ուկրաինական ավիաուղիները չեղյալ են հայտարարում դեպի Երեւան չվերթները
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (ՈւՄԱ) ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում դեպի Երևան չվերթները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրման պատճառով:
«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ռիսկերի կառավարման կենտրոնը որոշում է կայացրել ժամանակավորապես չեղյալ հայտարարել դեպի Երևան չվերթները», - կիրակի հայտնել են Facebook-ում մամուլի ծառայությունից:
Պարզաբանվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է ՈՒՄԱ-ի մասնագետների կողմից երեկոյան ճեպազրույցի ժամանակ ռիսկերի վերլուծությունից հետո: Չեղարկում սահմանելու որոշման անհրաժեշտությունը նաև պայմանավորված է «Հայաստանում ռազմական դրության և զորահավաքի ներդրմամբ»:
«Մենք ընկերությունում գնահատել ենք բոլոր հնարավոր ռիսկերը և որոշել, որ դեպի Երևան թռիչքն անհնար է մինչև Ուկրաինայի ավիացիոն իշխանությունների կողմից մեր հետագա գործողությունների պարզումը և Բաքվի ու Երևանի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի երկնքում ավիացիոն տարածքի անվտանգության ապահովման հարցում», - մեջբերում է մամուլի ծառայությունն ավիաընկերության ղեկավար Եվգենի Դիխնի խոսքերը:
Ավիաընկերությունից հայտնել են, որ ՈՒՄԱ- ի հաջորդ չվերթը դեպի Երեւան պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Ավիաընկերության ներկայացուցիչները կապահովեն այս չվերթի ուղևորների հետ անհրաժեշտ հաղորդակցությունը և նրանց կտրամադրեն այս իրավիճակում բոլոր անհրաժեշտ աջակցությունները:
«ՈՒՄԱ-ի թռիչքները դեպի Բաքու պետք է իրականացվեն այս տարվա հոկտեմբերի 4-ից: Թռիչքների գործարկման մասին որոշումը կկայացվի`հաշվի առնելով նորացված տեղեկատվությունը», - ամփոփել է մամուլի ծառայությունը: