27/09/2020 14:36
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին լուրերի կապակցությամբ և կոչ արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է ԵԽ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ես լրջորեն անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրման մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում մեր անդամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Նա ընդգծել է, որ Եվրախորհրդին անդամակցելիս և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավորություն են ստանձնել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է պահպանվի:
«Եվրախորհրդի անունից կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը մարդկային կյանքը պաշտպանելու և ռազմական բախման մեջ չմտնելու համար: Անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել, որպեսզի դադարեցվի սրացումը», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
«Այդ կապակցությամբ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ մեր անդամ երկրներին այս հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում օգնելու գործում», - ավելացրել է նա: