27/09/2020 16:43
Հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին, դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքն ու ատելությունը, որով տասնամյակներ ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան՝ պատերազմը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ հայկական բանակի մարտունակությունը այսօր բարձր է, քան՝ երբևէ։
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ «մեր գործն արդար է և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հակահարված կստանա»։
Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ու միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա։
«Հարավային Կովկասում լայնածավալ բռնկումը կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ, այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից ու սպառնալ միջազգային կայունությանը: Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ ու շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանանար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի ու հարակից տարածաշրջանների համար», - ասաց ՀՀ վարչապետը։