28/09/2020 15:19
Սահմանադրական դատարանում կրկին ընտրություն տեղի չի ունեցել
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը, հայտնում են ՍԴ-ից։
Նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Ա. Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Նշված նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:
Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։
Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին :
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը: