28/09/2020 15:02
Մեդվեդևը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ տարածաշրջանային աղետից խուսափելու համար
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել համատեղ դադարեցնել ռազմական գործողությունները, հակառակ դեպքում՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից հնարավոր չի լինի խուսափել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր շրջանը կրկին հանգեցրել է մարդկային զոհերի և արյունահեղության: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը Facebook-ում:
Նա նշել է.
«Ներկայումս բոլոր կողմերը պետք է հանդարտվեն: Առաջին հերթին դադարեցնել կրքերի բորբոքումը, ազատվել մարտական հռետորաբանությունից և համատեղ դադարեցրել հակամարտության ռազմական բաղադրիչը: Հակառակ դեպքում՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից հնարավոր չի լինի խուսափել»:
«Այսօր պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամը հաղթահարելու և լուծումներ գտնելու համար: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը: Եվ երկկողմ ձևաչափ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը և Ադրբեջանը մեր հարևաններն ու մերձավոր գործընկերներն են», - ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը: