28/09/2020 15:29
Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է միջնորդության
Կրեմլը, կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
«Այս պահին մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հակամարտության կողմերին, առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործերի վարման ռազմական միջոցներից, նաև հրաժարվել քայլերից, որոնք կարող են հարուցել իրավիճակի հետագա անցանկալի սրում, որն արդեն ռազմական բախման փուլում է», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն կարծում, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կանխամտածված հրահրվում է Ռուսաստանի վրա որևէ ազդեցություն ունենալու համար:
Մոսկվան հավասարակշռված դիրք է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում, նշել է նա:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, կարգավորման գործընթացում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, և այդպիսի պատրաստակամությունն ընդգծված է տարբեր մակարդակներում», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ «այժմ շատ կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները, և ոչ թե պարզել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»:
«Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել, և հենց այդ դիրքորոշումն է հնարավորություն տալիս Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու ավանդաբար լավ հարաբերությունները երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: