28/09/2020 09:14
Մենք պատրաստ ենք փոխզիջման, սակայն լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ. Զոհրաբ Մնացականյան
Մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը, aյդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանս 24-ին տված հարցազրույցում։
«Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար», - ասել է նա։
Մնացականյանի խոսքով, դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում:
«Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել», - ասել է նա։