28/09/2020 18:23
Էրդողանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն յուղ են լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիային, արդեն իսկ ծանր իրավիճակում յուղ է լցնում կրակի վրա, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթմանը»:
Ըստ Պանինայի՝ նման հայտարարությունները վտանգավոր են:
«Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժի» իմիջը, բայց չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում՝ Թուրքիային: Էրդողանին հերիք չէ՞ Սիրիայից փախստականների հոսքը, որի առաջացման համար հիմնականում ինքն է մեղավոր», - ասել է պատգամավորը РИА Новости-ի հետ զրույցում:
Պանինան ընդգծել է, որ արյունահեղությունը դադարեցնելու փոխարեն, նման հայտարարությունները «միայն յուղ են լցնում կրակին՝ կողմերին դրդելով անհապաղ գործողությունների»: