28/09/2020 12:45
Եվրոպական կառույցները դրախտի «ֆիլիալներ» չեն ու պատրաստ չեն լսելու քո բաց ճշմարտությունը. Նաիրա Զոհրաբյան
Կարծում եմ՝ ժամանակ է, այս փուլում խորհրադարանում քննարկենք և ընդունենք Արցախի ճանաչումը, այդ թվում՝ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հուշագիրը ընդունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ադրբեջանն իրեն պահում է Իսլամական ահաբեկչական պետության մարդասպաններից ավելի վատ, էլ ի՞նչ պիտի անի, որ ասենք՝ չվնասենք խաղաղ բանակցություները ու ճանաչման հարցը հետաձգենք», - ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին՝ պատգամավորը այն որակեց «լղոզված»՝ ընդգծելով, որ միջազգային հանրության գնահատականը չի բավարարում:
Խոսելով եվրոպական կառույցների մասին՝ նա ավելացրեց. «Եկեք չմտածենք, որ եվրոպական կառույցները դրախտի ֆիլիալներ են ու պատրաստ են լսելու քո բաց ճշմարտությունը»: Նա ընդգծեց, որ պետք է ավելի գրագետ կարողանանք իրականացնել խորհրդարանական դիվանագություն, ԱԳՆ և սփյուռքի լոբբիստական աշխատանքները:
Այս ամենից զատ Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեց.«Գագիկ Ծառուկյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ, որովհետև այն կապերը, որ ունի Ծառուկյանը, խնդրիը, որ կարող է լուծել նա… ոչ թե այն պատճառով, որ նա իմ կուսակցության ղեկավարն է, կարծում եմ՝ հիմա պետք է գնանք ազգային համաձայնության, համերաշխության ճանապարհով», - ասաց նա: