28/09/2020 13:27
ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը. ՀՀ ԱԺ հայտարարությունը (Տեսանյութ)
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում «Իմ քայլը» «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ համատեղ հայտարարությունը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսին, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«ՀՀ ԱԺ-ն վերահաստատում է, որ հայկական կողմը հավատարիմ է մնացել խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակներում, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը», - ասաց նա: