29/09/2020 17:49
Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել BBC լրատվականին։
-Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը:
-Հայաստանը և Արցախը որևէ շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր:
-Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը:
-Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
- Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:
-Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան:
-Հակամարտության վերջին բռնկման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
-Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին:
- Այսպիսով՝ այդ հարցի պատասխանը «ոչ» է: Դուք չեք ընդունում, ինչպես ամբողջ աշխարհն է ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
- Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարևորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների և փոխզիջման միջոցով:
-Դուք պետք է, որ շատ անհանգստացած լինեք, որ սա կարող է վերածվել շատ վտանգավոր, լուրջ և միջնորդավորված պատերազմի: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ասել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը:
-Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը և իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարևանությամբ` Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք: Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում և մենք դա միանգամայն մերժում ենք:
-Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի կառույցները և պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են Հայաստան ուղարկված ռուսական զենքի մեծ քանակով: Ռուսաստանն այժմ Հայաստանին սպառազինություն մատակարարո՞ւմ է:
-Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ:
-Այսինքն, սա նշանակո՞ւմ է «այո», երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալուն։
-Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով: Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:
-Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական միջամտություն, թուրքական ֆիզիկական միջամտություն:
- Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում:
-Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր:
-Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ:
-Թշնամին Թուրքիա՞ն է։
-Եթե նրանք այդպես վարվեն։
-Եվ այդ համատեքստում, որքանո՞վ է Հայաստանը ապավինում Ռուսաստանին։
-Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարևոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ։
-Ենթադրվում է, որ երբ 2018թ․ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նոր խթան պիտի հաղորդվեր տևական ժամանակ փակուղի մտած խաղաղ բանակցություններին։ Եվ այնուամենայնիվ պարզվում է, որ նա որդեգրում է Ադրբեջանի հանդեպ նույն անզիջում դիրքորոշումը։
-Դեռևս 2018թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի և Հայաստանի շահերը և անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են: