29/09/2020 15:58
Վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները. Վիկտոր Բիյագովի ելույթը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները:
ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:
«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունն ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները», - նշեց ՀՀ ներկայացուցիչը։
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձավ նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։
«Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը», - ասել է նա։