29/09/2020 16:05
Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների հետ
Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության մասին հայտարարությունները սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդպես է նա մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ՝ ռազմի դաշտում:
Հարցին՝ Կրեմլը քննարկո՞ւմ է Հայաստանին ռազմական աջակցության տարբերակը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, Պեսկովը պատասխանել է. «Կրեմլում ելնում են շուտափույթ հրադադարի և ռազմական գործողությունների անհրաժեշտությունից»:
«Ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին միանշանակ յուղ է լցնում կրակի վրա, մենք կտրականապես դեմ ենք դրան, մենք համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան «կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես՝ գործընկեր երկրներին, ինչպիսին Թուրքիան է, անել ամեն ինչ, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով»: