29/09/2020 14:03
Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է սահմանային իրավիճակը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:
Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը», - գրել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: