29/09/2020 10:39
Մեծ Բրիտանիան և Կանադան մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և նրա կանադացի գործընկեր Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակավայրերը հրթիռակոծելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը լուրջ մտահոգություն են առաջացնում: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել խաղաղ բնակիչներին», - ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:
Ռաաբն ու Շամպայնը նաև նշել են, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի «ոչ բռնության» վրա և կողմերին կոչ են արել «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակում խաղաղ, համաձայնեցված կարգավորման»: