29/09/2020 19:32
Արմանը, Վարշամը, Գևորգը, Վահանն ու Գոռն Արցախում են. սահմանին ու թիկունքին զինվորագրված հայտնիները
Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, այս լուրն առնելուն պես, հայկական զինկոմիսարիատների դռների մոտ կամավորների հերթեր են գոյանում: Կամավորների շարքերը համալրելու ցանկություն են հայտնում բոլորը՝ անչափահասը, երիտասարդն ու տարեցը, բժիշկը, ուսուցիչը, բանվորը, դերասանը: Ոմանց հաջողվել է արդեն իսկ սահմանին հայտնվել:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանի Ֆեյսբուքի գրառումից տեղեկանում ենք, որ զինվորագրվել են նույն թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանն ու ռեժիսոր, դերասան Վարշամ Գևորգյանը:
«Իմ խաղընկերնե՜րը...
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։
Հպարտանո՜ւմ եմ։
Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու», - գրել է դերասանուհին:
Արցախում է նաև հաղորդավար Եգոր Գլումովը: Այս մասին էլ տեղեկանում ենք գործընկերոջ՝ հաղորդավար Հակոբ (Ժակ) Պապիկյանի գրառումից:
«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը, որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր:
Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:
Պրն. մայոր, ՊԱՏԻՎ ունեմ:
Աստված մեզ պահապան», - նշել է հաղորդավարը:
Սեպտեմբերի 27-ից Արցախում է նաև դերասան Գևորգ Գրիգորյանը: Վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրել էր.
«В бой идут одни старики! Մեզ բացակա չդնեք»:
Երեկվանից Արցախում է նաև դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանը:
«Աստված հետդ ԱԽՊԵԵԵԵՐՍ!!! : Հաղթելու ենք, էն էլ ինչ ձև: Մեռնեմ ես քո , ու բոլոր մեր տղերքի ԴՈւԽԻՆ !! Հետներդ ենք միշտ, հենց պետք եղավ, նույն վայրկյանին զինված կանգնած ենք ձեր կողքին: Աստված պահապան մեր զինվորներին , հայ ազգին ու մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ», - սոցցանցերի իր էջերում համատեղ լուսանկար հրապարակելով՝ գրել է Վաչեն:
Կարևոր ու գնահատելի է նաև թիկունքին զինվորագրվելը, ինչն անում են հայտնիներից շատերը: Արամ ՄՊ3-ն, Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք առաջին իսկ օրից առաջին անհրաժեշտ օգնության պարագաներ, բժշկական ապրանքներ, դեղորայք են հավաքում՝ սահման հասցնելու նպատակով: