30/09/2020 19:14
«Խելոք կմնաք, մինչև գամ». Ապրիլյան պատերազմ տեսած Աշոտը կրկին սահմանին է, այս անգամ՝ սեփական նախաձեռնությամբ
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Այդ հարձակումն այսօր արդեն պատերազմի է վերածվել. բացի զինծառայողներից, հայկական կողմից զոհվել են նաև խաղաղ քաղաքացիներ:
Սեպտեմբերի հենց 27-ից հայկական զինկոմիսարիատների դռների մոտ կամավորների հերթեր են գոյանում: Զինվորագրվում են բոլորն՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից:
Բյուրեղավանում բնակվող Մանվելյանների ընտանիքի երկու զավակները ևս զինվորագրվեցին: Ավագը՝ 1994 թվականին ծնված Գևորգ Մանվելյանը, զինկոմիսարիատից տուն ուղարկվեց՝ առողջական խնդիր ուներ: Կրտսերը՝ 1996 թվականին ծնված ավագ սակրավոր Աշոտ Մանվելյանը, նպատակին հասավ՝ այժմ Մատաղիսում է: Հասցրել է տեղ հասնելուց հետո գրել. «Լավ եմ, չանհանգստանաք: Մերս, մենք հզոր ենք, մենք ազգինն ենք: Սիրում եմ սաղիդ: Գալու եմ»:
«Աստված իր ու մեր բոլոր զինվորների հետ լինի: Ամուսինս էլ երկրապահներին է անդամագրվել, հանձնել թղթերը, երևի այսօր կամ վաղը կգնա: Եթե ինձ տանեն, ճար լինի՝ ես էլ կգնամ: Մեծ տղաս երկու բալիկ ունի՝ Գոհարիկն ու Գաբին, հոպարի համար խելագարվում են, Գոհարիկս անընդհատ հարցնում է՝ որտե՞ղ է, ինչո՞ւ մեր տուն չի գալիս», - Aysor.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գահար Մանվելյանը:
Աշոտի էջում կամավորականների ավտոբուսից ժպտացող լուսանկարն է՝ «Խելոք կմնաք, մինչև գամ» գրառումով:
Աշոտը նաև Ապրիլյան պատերազմի մասնակից է. 2016-ին Քարվաճառում էր ծառայում: Տիկին Գոհարը հիշում է, թե Քառօրյայի օրերին որդին ինչպես էր իրեն հմտորեն «ստում»: Ապրիլյան պատերազմ ապրած մայրը հոգեբանորեն չի ընճվել, հավատում է՝ որդին գալո՛ւ է, որդին հաղթելո՛ւ է, տղաները հաղթելո՛ւ են:
«Իհարկե, անհանգիստ եմ, իհարկե, տեղս չեմ գտնում, բայց եթե բոլորս մեր երեխաներին տանը պահենք ու դրանք (հակառակորդը - հեղ.) գան հասնեն մեր տուն՝ ի՞նչ ենք անելու: Ես միայն ուզում եմ, որ մեր էրեխեքը չպակասեն: Իրենց դուխը տեղն է, իրենց ուժը տեղն է, մենք էլ ուղղակի պիտի սատար կանգնենք: Ապրիլյանի ժամանակ իմ Աշոտն ինձ հմտորեն խաբում էր՝ ասելով, թե՝ մամ ջան, մեզ մոտ խաղաղ է, տենց բաներ չկա, մենք էլ տղերքով պարապ «լռված» ենք: Խնդրում էր՝ իմ գրած հայրենասիրական բանաստեղծություններից արտասանեմ (Գոհար Մանվելյանը գրողների միության անդամ է- հեղ.): Ես էլ չգիտեի, որ տղաս վտանգի մեջ է: Արտասանում էի, վերջում էլ ասում՝ էրեխեք ջան, «թուրքի մաման», իրենք էլ այնտեղից արձագանքում էին՝ «հազար անգամ»: Հետո իմացա, թե այդ օրերին ինչեր են հաղթահարել, ինչեր են արել», - վերհիշում և ժպիտի ու արցունքի միջից պատմում է զրուցակիցս:
Զենք ձեռքը վերցրած Աշոտը քաղաքացիական կյանքում նուրբ հոգու տեր է. մեծ ծաղկանոց ունի, բնակարանի 1 սենյակը հատկացրել է իր ծաղիկներին: Հայրենիքը պաշտպանելու ճանապարհը բռնած երիտասարդը չի մոռացել հրահանգներ արձակել նաև տանը. հատուկ տետրում գրել է՝ ինչպե՞ս խնամել, որ ծաղիկին քանի օրը մեկ ու ինչպես ջրել: Տետրը հանձնել է մորը, եղբոր հետ ուսապարկը վերցրել ու ճամփա է ընկել:
Կրտսեր քրոջն էլ աչքաթող չի արել. մեկնելուց ժամեր առաջ խանութ է տարել, վերջինիս զգեստապահարանը թարմացրել ու տուն է ուղարկել: Լրացուցիչ ծախսերի համար էլ գումար է տվել: Բայց դե, հերոս եղբայրների միակ քույրիկն իրենցից ետ չի մնացել՝ իրեն տրված ամբողջ գումարով քաղցրավենիք է գնել ու ուղարկել Արցախ:
Թեև Մանվելյանների ընտանիքը վարձով է բնակվում, սակայն նրանք պատրաստ են իրենց վարձակալած 4 սենյականոց բնակարանում Արցախից եկած ընտանիքիների տեղավորել:
«Մեծ տղաս ամուսնացած է ու առանձին է ապրում, փոքրս՝ Արցախում է, ամուսինս էլ՝ շուտով կգնա: Այնպես որ, կարող ենք 1-2 ընտանիքի ապաստան տալ մեր տանը, արդեն տվյալներ ենք փոխանցել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց զինվորի մայրը: