30/09/2020 08:03
ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին, և Հայաստանին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։
Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։
Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։
ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու Բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։