30/09/2020 15:46
Վրաստանի վարչապետը Հայաստանին և Ադրբեջանին որպես հանդիպման վայր առաջարկել է Թբիլիսին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և հակամարտող կողմերին Թբիլիսին առաջարկել որպես բանակցությունների վայր՝ հակամարտությունը լուծելու համար:
Նա նշել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններով կապված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
«Վրաստանում պատմականորեն ապրող հայերը և ադրբեջանցիները մեր քաղաքացիներն են և միշտ կարևոր դեր են խաղացել ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերը և ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը վերածել խաղաղության ու զարգացման գոտու», - ասել է վարչապետը:
Գեորգի Գախարիան ընդգծել է, որ ընդհանուր շահերից է բխում հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատումը:
Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում՝ հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում` երկխոսություն վարելու համար: