30/09/2020 15:48
Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել 3000-4000 վարձկանի՝ Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար. ՀՀ ՄԻՊ
Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում:
Խոսքը 3000-4000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1500-2000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:
Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:
Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:
Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն: Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:
Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները, չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»: