30/09/2020 12:28
Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան (Տեսանյութ)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը որոշում է ընդունել, կոչ է անում թե Ադրբեջանին, թե Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ոորոշման մեջ ասված է, որ կողմերը հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկած միջոցների մասին», - ասաց նա։
Կիրակոսյանը նշեց, թե այն տեքստում, որը կա ՄԻԵԴ-ի կողմից, ակնկալելի էր, որովհետև, նրա խոսքով, նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպք է։
«Սա, կարելի է ասել, երրորդն է», - ասաց նա։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ կարելի է ասել, որ ՄԻԵԴ որոշումը Հայաստանի համար հաջողություն է, որովհետև Հայաստանի դիմումի ու ապացույցների հիման վրա է որոշումը կայացվել։
«Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, որը, սովորաբար, անում է», - ասաց նա։
Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումում կարևոր է, որ բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա։
Նա նշեց, որ քննարկում են միջպետական գանգատ ներկայացնելու հարցը։
«Միջպետական գանգատ ներկայացվում է կառավարության որոշման հիման վրա, այս պահին կան սցենարներ, աշխատանքներ ենք տանում», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։