30/09/2020 17:06
Մերժելի և արատավոր մոտեցում. Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից
ՌԵժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այս մասին ֆեյսբուքի իր էջի գրառմամբ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Հարգելի գործընկերներ, տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը:
Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - գրել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում առանցքն Արցախն է, մարդկային ճակատագիրը, բարու և չարի հավերժական բախումն ու ճշմարտության վերարժևորումը: Արցախ, քառօրյա պատերազմ, օտարերկրյա լրագրողներ, Թալիշի անկում ու հետ բերում… Ջիվան Ավետիսյանն Aysor.am-ի հետ զույցում նշել էր.
«Ֆիլմում ներկայացվում է մի երկիր, որը նույնիսկ պատերազմի օրերին ապրում է, այնտեղ կյանքը չի պարալիզացվում… Դրախտի դարպասը Շուշիի կիրճն է՝ Ջդրդուզը: Բայց ֆիլմն աշխարհի երեսին ցանկացած մարդ կարող է ընկալել»: