01/10/2020 20:25
Միջազգային հանրությունը չկարողացավ պատկերացնել, որ այնտեղ հոգեկան շեղումներով ղեկավարություն կա. Բեքարյանն՝ Ադրբեջանի իշխանության մասին
Այն պահին, երբ որևէ կերպ վերադարձ կլինի բանակցային սեղանի շուրջ, ողջ աշխարհին պետք է պարզ լինի, որ Թուրքիան Ղարաբաղյան գործընթացի հետ կապված որևէ առանչություն չի կարող ունենալ, ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նա նշում է, որ այս ամենը տրամաբանական հանգրվան պետք է ունենա՝ Ադրբեջանը պետք է պատժվի բոլոր դաշտերում:
«Մեր միջազգային գործընկերները պետք է նկատի ունենան, որ այսօր թափվող արյան մեջ ունեն իրենց պատասխանատվության բաժինը», - նշեց քաղաքագետն՝ ընդգծելով, որ եթե բոլոր արձագանքները լինեին հասցեկան, հնարավոր է, ինչ-որ կերպ սա կանխարգելվեր:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չկարողացավ պատկերացնել, որ այնտեղ հոգեկան շեղումներով ռազմաքաղաքական ղեկավարություն կա, որը լռությունն ընկալում է որպես խրախուսանք:
«Ի՞նչ լինի ավելի, որ պարզ լինի՝ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից օր առաջ նրա անկախության ճանաչումն է: Որքա՞ն արյուն հեղվի՝ դա հասկանալու համար», - նշեց քաղաքագետն՝ ավելացնելով, որ տեղի ունեցող իրադարձություններն այդ օրն էլ են մոտեցնում:
Ներգրավվածության, մասնավորապես, Իրանի ներգրավվածության հնարավորության մասին Բեքարյանն ասաց.
«Ոչ մեկին պետք չէ այս տարածաշրջանում Թուրքիայի ներգրավվածության ավելացումը, նույն կերպ տարածաշրջանում պետք չէ ունենալ թեժ գոտի, որին մասնակից է դարձվել ահաբեկչական խմբավորումների մեծ քանակ, որոնք հետո թափառելու են տարածշրջանում»: