01/10/2020 20:44
Թուրք-ադրբեջանական թիրախում լրագրողները հայտնվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց՝ մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու այս հակամարտությունը. Աննա Նաղդալյան
Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են լրագրողները», - ասաց նա։
ԱԳՆ խոսնակի խոսքով՝ դիտավորյալ թիրախավորումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում ու դա խստագույնս դատապարտելի է։
Աննա Նաղդալյանը նշեց, թե թուրք-ադրբեջանական թիրախում լրագրողները հայտնվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու այս հակամարտությունը։
«Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում»,-ասաց նա։
ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի մտահոգությունները ներկայացվեն բոլոր գործընկերներին։
Նա ընդգծեց՝ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը պետք է ստանա համարժեք գնահատական ու զսպվի։
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։
«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։
«Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան։