01/10/2020 14:23
«Խնդրում եմ, կարո՞ղ ես ձայնդ կտրել»․ Թրամփ-Բայդեն առաջին դեբատը թեժ էր
Երեկ Օհայոյում տեղի ունեցան ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին դեբատները։ Ինչպես սպասվում էր, դրանք ընթացան բավականին թեժ մթնոլորտում։ Թրամփն ու Բայդենը պարբերաբար ընդհատում էին իրար ու մեղադրանքներ հնչեցնում միմյանց հասցեին։
Թեկնածուները բանավիճեցին մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Մինչդեռ կորոնավիրուսին անցնելը բանավեճի սկզբում Բայդենը Թրամփին ստախոս անվանեց, իսկ երբ Թրամփը ընդհանում էր նրան՝ Բայդենը արձանագեց․ «Խնդրում եմ, կարող ես ձայնդ կտրել»։
Երբ Բայդենին հարց ուղղվեց, թե արդյոք ամերիկացիները կարող են իրեն վստահել պանդեմիայի դեմ պայքարում Բայդենը նախ մեղադրեց Թրամփին համաճարակի հետևանքով 200 հազարից ավելի մարդու մահվան պատճառով։
««Դեռ փետրվարին նա հրաշալի գիտեր, թե իրավիճակն ինչ լուրջ է։ Նա գիտեր, որ դա մահացու վարակ է, բայց նա պատշաճ չտեղեկացրեց մարդկանց խուճապ չստեղծելու համար։ Նա սպասեց, սպասեց, սպասեց ու մինչև հիմա դեռ ծրագիր չունի», - նշում է Բայդենը։
Թրամփը հակադարձում է՝ պնդելով, որ երբ իրենք քաղաքը փակելու որոշում կայացրին Դեմոկրատները մեղադրեցին նրանց դրա համար։
«Դուք չէիք փակի քաղաքը երկու ամսով, բայց երբ ես դա արեցի Ֆաուչին (ամերիկացի իմունոլոգ) ասաց, որ ես հազարավոր կյանքեր եմ փրկել։ Մենք աշխատել ենք նահանգապետերի հետ։ Գնացեք և համոզվեք։ Մի քանի շաբաթից մենք կունենանք պատվաստանյութը», - պնդում է Թրամփը։
Խոսելով լրատվամիջոցներին իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ Թրամփը նշում է, որ դրանք իր համար նորություն չեն ու թեև մեդիան մշտապես պաշտպանում է Բայդենին, բայց Բայդենը երբեք չէր կարողանա անել այն աշխատանքը, ինչ իրենք արեցին․ «Դու իսկական աղետ էիր H1N1-ի ժամանակ», - ասում է Թրամփը։
Նախագահի թեկնածուները բանավեճի ընթացքում անդրադարձան նաև մի շարք այլ խնդիրների, Թրամփը շարունակում էր ընդհատել Բայդենին։ Դա զայրացնում է Բայդենին, Թրամփի հերթական ընդհատումներից մեկի ժամանակ Բայդենը Թրամփին անգամ ծաղրածու անվանեց։
Նշենք, որ սրանք նախագահական ընտրությունների առաջին դեբատներն էին, որպես կանոն դեբատները կարևոր են ընտրողների համար։
Ամերիկացի տեսաբան Միտչել Մըքքինը նշում է, որ դեբատները մեծ հետաքրքրություն են վայելում ընտրողների շարքում։
«ԱՄՆ-ում նախընտրական շրջանը շատ երկար է տևում ու միայն դեբատների ժամանակ է, որ նախագահի թեկնածուներն առերես հանդիպում են ու բանավիճում։ Այս ընթացքում ընտրողները կարողանում են գնահատել և համեմատել թեկնածուներին», - ասում է տեսաբանը։
Մըքքինը կարևորում է նաև այն հանգամանքը, որ թեկնածուները ներկայանում են բանավեճին առանց գրառումների, հուշարարի, նրանք անգամ նախապես չգիտեն, թե ինչ հարցեր են տրվելու, հետևաբար ընտրողների համար սա հրաշալի առիթ է պատկերացում կազմելու թեկնածուի մասին։
Մինչ նախագահական ընտրությունները Թրամփն ու Բայդենը ևս երկու դեբատ պիտի անցկացնեն։