01/10/2020 10:30
Համավարակը չի նահանջել. Հայաստանի ողջ տարածքում դիտվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ. զգուշացնում է նախարարությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է անգամ այս լարվածության մեջ խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները. դիտվում է կորոնավիրուսի դեպքերի աճ:
«Սիրելի' հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:
Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։
Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:
Սիրելի ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։