02/10/2020 16:42
Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «The Globe and Mail»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին:
«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: Այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են», - ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան:
«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», - ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելել, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար:
Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:
«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:
«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»:
Փաշինյանը կոչ է արել արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում:
«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից», - ասել է Փաշինյանը։
Նա Էրդողանին նկարագրել է որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով:
«Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: