02/10/2020 10:04
Չեմ կարծում, որ Ադրբեջան կարող է ավելի շատ բան ստանալ ռազմի դաշտում, քան բանակցային սեղանի շուրջ. Քերի Քավանո
Թուրքիան՝ աջակցելով Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում, վտանգում է սրել առճակատումը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
«Ես անհանգստացած եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն այս պահին ծայրաստիճան ապակառուցողական է», - ասել է Քավանոն РИА Новости-ին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը բացահայտորեն սատարում է Ադրբեջանին, լուծումն ավելի իրագործելի չի դարձնում:
«Ես վախենում եմ, որ դա կսրի հակամարտությունը, քանի որ դա Ադրբեջանին տալիս է վստահություն, որ նա կարող է ավելի շատ բան ստանալ ռազմի դաշտում, քան բանակցային սեղանի շուրջ, և ես չեմ կարծում, որ դա ճիշտ է», - հավելել է Քավանոն:
Խոսելով այն մասին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Քավանոն բացառել է տարածաշրջանում երրորդ երկրների ուղղակի բախման հավանականությունը: Սակայն, ըստ նրա՝ պետք է զգուշանալ սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: