02/10/2020 22:35
Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են. ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն
Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում, ասված է այսօր տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։
Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:
Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։
Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։
Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ: