02/10/2020 21:51
Ֆրանսիան կարևորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը. կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:
Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:
Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը: