03/10/2020 13:52
AmCham, ABBC, BACC-ը և այլ բիզնես պալատները խստորեն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (AmCham), Հայ բրիտանական բիզնես պալատը (ABBC), Բելգիա Հայաստան առևտրի պալատը (BACC), Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA), Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Հելլենիկ-Հայաստան առևտրի պալատը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համատեղ հայտնել են իրենց խիստ մտահոգությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակման առիթով, որը ուղեկվում է ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան՝ ուղղված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի խաղաղ բնակավայրերին։ Այն խաթարում է տնտեսական կայունությունը, ազատ միջազգային առևտուրը և համագործակցությունը, ինչպես նաև Կովկասում քաղաքացիական անվտանգությունն ու խաղաղությունը՝ մեծացնելով լիակատար պատերազմի սանձազերծման վտանգը, որը կուղեկցվի աճող ավտորիտարիզմով և առանց կառուցողական ծրագրի: 2020թ. հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրետանի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան քաղաքի վրա, ինչպես նաև մարտական անօդաչու թռչող սարքից հրթիռակոծել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրը, Վարդենիս քաղաքը (սեպտեմբերի 29-ին) և Աբովյան համայնքը, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա: Արցախում (Լեռնային Ղարաբաղ) արդեն կան հարյուրից ավելի վիրավորներ և սպանվածներ ռազմական և քաղաքացիական բնակչության շրջանում, իսկ Հայաստանի տարածքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, երկուսը վիրավորվել են և այրվել է ավտոբուս։ Սա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի օդային տարածքի խայտառակ խախտում է և մեր համաքաղաքացիների ու մեր ընտանիքների կյանքը վտանգելու ուղղակի փորձ: Դա մեր ինքնիշխան երկրում ազատ և խաղաղ կյանքի, տնտեսական գործունեության և տեղաշարժի ազատության մարդու հիմնարար իրավունքների ուղղակի ոտնահարում է: Ներկայիս զարգացումները վտանգում են ոչ միայն տնտեսական կայունությունը տարածաշրջանում, այլև քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը՝ խլելով արդեն տասնյակ անմեղ կյանքեր:
Մենք հավատում ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ներկայիս հակամարտության գոտուց դուրս տարածվել, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակը։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային կազ կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար» - ասված է համատեղ հայտարարության մեջ։