03/10/2020 13:08
Զուրաբիշվիլի. Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել կրակը և վերադառնալ երկխոսության
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերադառնալ երկխոսության և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
«Ցանկանում եմ մեր երկու բարեկամ և հարևան երկրների նախագահներին և իշխանություններին կոչ անել հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը», - հայտարարել է Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Վրաստանի նախագահի խոսքով՝ նա կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացման և հրադադարի ռեժիմի ուղղությամբ:
Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին կարող է լինել այն վայրը, որտեղ կողմերի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ:
Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերադարձը բոլոր երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր շահն է:
Զուրաբիշվիլին Եվրամիությանը կոչ է արել ամեն ջանք գործադրել իրավիճակը լիցքաթափելու համար: