03/10/2020 21:21
Հայաստանը խոցել է Ադրբեջանի 113 ԱԹՍ, իսկ զրահատեխնիկայի ընդհանուր կորուստը կազմում է 250 միավոր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել Արցախի հյուսիսում ու հատկապես հարավում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը: Ծանր մարտերից հետո հակառակորդի առաջախաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ», - ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ միայն մարտական գործողությունների տևողությունը եղել է վեցից յոթ ժամ:
«Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում մոտավորապես 440-ից 450 զինծառայող կամ ոչ զինծառաող, հասկանալի է ում նկատի ունեմ՝ ահաբեկիչներին, մոտավորապես 800, 900 վիրավոր է տվել», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Նա ասաց, որ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա:
«Այսօր մեր զորքին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8, 9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կարկով, սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք», - ասաց նա:
Արծուն Հովհաննիսյանը նշեց, որ միայն այսօր խոցվել է հակառակորդի 10 ԱԹՍ, ընդհանուր՝ հայկական կողմը խոցել է հակառակորդի 113 ԱԹՍ:
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի զրահատեխնիկայի ընդհանուր կորուստը կազմում է 250 միավոր:
«Միայն այսօր խոցվել է երեք «Սմերչ» կայան, երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում հյուսիսի ու հարավի ուղղությամբ», - ասաց նա: