03/10/2020 19:46
Վուչիչը կարծում է, որ միջազգային հանրությունն անզորություն է ցուցաբերել Ղարաբաղի հարցում
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին շաբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային կոնվենտի հետ հանդիպման ժամանակ:
Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոհիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»:
«Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտություններն ապագայում նշանակում են բախումներ, որոնցում միջազգային հանրությունն անզոր է: Ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք չմնան մեր երեխաներին», - հայտարարել է նախագահը: