03/10/2020 14:11
Դամասկոսն Անկարային պատասխանատու է անվանել Ղարաբաղ գրոհայիններ տեղափոխելու համար
Անկարան պատասխանատու է սիրիա-թուրքական սահմանով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար, իսկ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրությունները պահանջում են միջազգային արձագանք: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Հադադը:
Դիվանագետի խոսքով՝ գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու մասին տեղեկությունը հաստատում է Դամասկոսի կողմից կրկնվող նախազգուշացումների ճիշտությունն այն մասին, որ Սիրիան չի լինի այնտեղ ուղարկված ահաբեկչական խմբավորումների վերջնակետը, որոնք իրավիճակն ապակայունացնում են արդեն ինը տարի: Գրոհայինները սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, հայտարարել է Ռիադ Հադադը «Интерфакс»-ին տված հարցազրույցում:
Սիրիան վերստին ընդգծում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և թուրքական օկուպացիոն ուժերի գլխավորությամբ նրա մանիպուլյատորներին հակազդելու անհրաժեշտությունը: Վերջիններս, ըստ դեսպանի, պատասխանատու են սիրիա-թուրքական սահմաններով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար: