03/10/2020 22:54
Կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այս ամբողջ ընթացքում հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի:
«Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը», - նշել է նա։
Հարցին՝ «բայց կարևորը Վլադիմիր Պուտինն է: Այն, ինչ նա մտածում և ասում է, Ձեզ համար առավել կարևոր է, այդպես չէ՞», Փաշինյանը պատասխանել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է»:
Հարցին՝ «դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվան լինի չեզոք: Մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին», ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»: