03/10/2020 15:36
ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխարգելելու զանգվածային ոճրագործությունը. ԱԳՆ
Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։
Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: