04/10/2020 12:54
Հայաստանն ավելացնում է ռազմական ծախսերը. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ռազմական ծախսերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծում, որը կքննարկվի հոկտեմբերի 6-ի խորհրդարանի արտահերթ նիստում:
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:
Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ մոտ 40 մլրդ դրամի չափով: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.
1. 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով) փոքր է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:
2. Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:
3. Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով) ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։