04/10/2020 13:05
Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։
ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների զինյալների տեղակայման միջոցով, ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով: