05/10/2020 21:36
Այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ նման երևույթները կանխել. Արման Թաթոյան՝ միջազգային կառույցներին
ԱԹՍ-ները գործադրվում են գիշերային ժամերին, երբ մարդիկ տանն են, հիմնական դեպքերում՝ քնած. ՀՀ ՄԻՊ
Կարևոր է, որ մենք ցույց տանք հարձակումների հիմքում քաղաքականության նենգ բնույթը, ակնհայտ էթնիկ զտումների նպատակը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«ԱԹՍ-ները քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումների և ավերածությունների նպատակ ունեն: Գեղարքունիքում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք գործադրվում են գիշերային ժամերին, երբ մարդիկ տանն են, հիմնական դեպքերում՝ քնած: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցով հարձակումները իրականացվում են քաղաքացիական մարդաշատ օբյեկտների նկատմամբ: Արցախում նույնպես գործադրվել են ու շատ ավելի մեծ վնասներ են պատճառվել», - նշեց ՄԻՊ-ը:
Նա անդրադարձավ նաև հակառակորդի կողմից «LAR 160» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռներով: Թաթոյանը բարձրաձայնեց, որ դրանք միջազգային մարդասիրական իրավունքում արգելված զինատեսակներ են: Ասում է. «Դրանցով հնարավոր չէ տարբերակել քաղաքացիականը զինվորական օբյեկտներից: Այդ զինատեսակները կիրառվում են նաև Արցախում, դրա մասին վկայում են ապացույցները, որոնք ուղակելու ենք միջազգային կառույցներին»:
ՀՀ ՄԻՊ-ը ընդգծեց նաև վարձկանների օգտագործումը հիմնավորված է որպես փաստ: Նրա խոսքով՝ վարձկանների օգտագործման, նրանց օգտագործման նպատակի համար կազմակերպվող գործողությունները համարվում են հանցագործություններ.
«ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, դրանք կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև էթնիկ հայերի նկատմամբ հսկայածավալ ատելության խոսքի, բռնության, սպանության կոչերի մասին:
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ նախաձեռնած բոլոր ուսումնասիրություններն ուղարկվում են միջազգային կառույցների համապատասխան մարմիններին: Միջազգային կառույցների մասին խոսելիս նա ընդգծեց, որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ.
«Այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ նման երևույթները կանխել: Հումանիտար աղետի հետևանքներ են առաջացնում»: