05/10/2020 01:53
Ադրբեջանը հող է նախապատրաստում պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:
Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:
Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ։
Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:
Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:
Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:
Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից: