06/10/2020 12:07
Մենք հրադադար չենք աղերսելու. Արթուր Թովմասյան
Մենք պատերազմն առաջ ենք տանում մտածված կերպով, որպեսզի ամեն օպերացիաների հետևանքով ավելի քիչ կորուստներ ունենանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Ադրբեջանի նախագահը գնաց արկածախնդրության: Կարծում եմ՝ արկածախնդրության գնալու նրան ստիպել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մենք համաչափ հակահարվածներ ենք տալիս, և ամեն ինչ վերահսկվում է: Մենք հրադադար չենք աղերսելու: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, բայց այն վարում է Թուրքիան: Էրդողանն ուզում է քիթը մտցնել Անդրկովկաս: Իսկ մենք նրանց հետ համարժեք լեզվով ենք խոսում», - ասաց բանախոսը:
Արթուր Թովմասյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը փորձեր է կատարում բանակցային սեղանի շուրջ բերել հակամարտող կողմերին՝ ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների:
«Հնարավոր է, որ շատ արագ նաև պաշտպանության նախարարները սեղանի շուրջ նստեն: Այսօր վիճակը հանգիստ է, բայց մենք պետք է աչալուրջ լինենք», - ասաց ԱՀ խորհրդարանի նախագահը: