06/10/2020 19:27
Արցախ անկախությունը ճանաչելը հինգ րոպեի հարց է, բայց պետք է մտածել՝ ինչ օգուտներ է այն բերում. Քաղտեխնոլոգ
Մի փոքր դժվար է պատկերացնել, որ ԵԱՀԿ անդամ կամ որևէ այլ երկիր կարող է առաջինը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Առաջինը, բնականաբար, պետք է լինի Հայաստանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ ԵԱՀԿ-ում Արցախի ԱԳՆ հայտարարությանը:
«Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ այլ երկիր առաջինը չի ճանաչի Արցախի անկախությունը: Միգուցե, Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ մի քանի երկիր ճանաչեր ԼՂՀ անկախությունը, հետո այդ փաստն օգտագործվեր բանակցային գործընթացում: Բայց մենք տեսնում ենք, որ նման գործընթաց դեռևս չկա», - ասաց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը չպետք է զուտ էմոցիոնալ կամ խորհրդանշական բնույթ կրի: Այն պետք է էական փոփոխություններ մտցնի բանակցային գործընթացում:
«Դրա համար անկախության ճանաչմանը պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև հետո որոշումը չեղյալ հայտարարելն ավելի վատ է: Արցախ անկախությունը ճանաչելը հինգ րոպեի հարց է, բայց պետք է մտածել՝ ինչ պետք է անել հետո: Պետք է համոզված լինել, որ այդ քայլը միայն օգուտ է բերելու:
Ինչ վերաբերում է ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի՝ ՄԽ ձևաչափից դուրս գալու հնարավորությանը, չեմ կարծում, որ նման բան լինի», - ամփոփեց Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունն Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է», - ասված է հայտարարության մեջ։