06/10/2020 19:23
Եվրամիությունում հայտարարել են որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները փակուղում են
Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից, Անկարայի՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները փակուղում են: Այս մասին ասվում է Եվրամիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) տարեկան զեկույցում:
«Թուրքիան շարունակում է ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքները և դատական համակարգի անկախությունը», - ասվում է զեկույցում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Բրյուսելի ու Անկարայի բանակցությունները ԵՄ-ին անդամակցության շուրջ փակուղի են մտել:
«Ինչպես հայտարարել է Եվրոպական խորհուրդը 2018-ին և 2019-ին, Թուրքիայի անդամակցության բանակցությունները փաստացի փակուղում են, և բացման կամ փակման այլ գլուխներ չեն կարող դիտարկվել: Այսօր ներկայացված զեկույցը հաստատում է, որ այս գնահատման հիմքում ընկած հիմնարար փաստերը դեռ պահպանվում են, չնայած Թուրքիայի կառավարության կողմից ԵՄ անդամակցության նպատակին հավատարիմ մնալուն», - ասված է զեկույցում:
Զեկույցում ընդգծվում է, որ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի է բախվում ԵՄ առաջնահերթություններին` ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում»:
«Թուրքիան պետք է ստանձնի բարիդրացիական հարաբերությունների, միջազգային համաձայնագրերի և վեճերի խաղաղ կարգավորման անվերապահ պարտավորություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Միջազգային դատարան», - ասված է հայտարարության մեջ: